Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստում անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։
Ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ է ընտրել փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանին:
Այսօր մինչև քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի` բուն գաղտնի քվեարկության մեկնարկը Մարությանը հայտարարեց, որ իրեն պաշտոնանկ անելու «Իմ քայլի» նախաձեռնության պատճառն այն է, որ վերջինս դեռ մեկ տարի առաջ լքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Նա նաև շեշտեց, որ հեղափոխությունից հետո իշխանության վարած քաղաքականությունը չէր բխում հեղափոխության հիմնական սկզբունքներից։ Մասնավորապես նա ընդգծեց որոշ իշխանական նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը և այլն:
«Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը, այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Կասեք՝ ինչո՞ւ չէիր շուտ խոսում սրա մասին։ Ուրեմն, բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք»,- հայտարարել է Մարությանը։
Թողնել պատասխան