Եվրախորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև-զեկույցը

hh-em

Եվրոպական խորհրդարանում այսօր քվեարկության կդրվի բանաձև-զեկույց, որով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Բելգիայում ՀՀ դեսպանության տարածած հաղարդագրության մեջ ասված է.

«Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները:

Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին.

— Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:
— Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:
— Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:
— Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի:

Բացի այդ՝
— Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:
— ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում:
— ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Ամբողջական բանաձև-զեկույցի քվեարկությունը տեղի կունենա այսօր երեկոյան»:

Դիտումների քանակը: 4334
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին