Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ։
Կազմակերպությունն իր հաղորդագրությունում նշում է, որ դա տեղի է ունեցել կառավարական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց երկու ամիս անց, և «նշանավորում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի, այդ թվում՝ արտահայտվելու ազատության հստակ նահանջ»։
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախորդ Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացնում է անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը: ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացվեց նոր՝ 137.1 հոդվածը, որը վերնագրված է «Ծանր վիրավորանք» և նախատեսում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով, իսկ օրերս այդ նույն հոդվածով քրեական գործ է հարուցվել ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար:
Թողնել պատասխան