Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութ քաղաքի ու համանուն շրջանի հայ բնակչությունն ամբողջությամբ ենթարկվել է էթնիկ զտման։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ արդեն մեկ տարի է՝ Արցախի Հանրապետության կարևորագույն շրջան Հադրութն օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պաշտպանը հիշեցնում է, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ։ Սա փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։ ԱՀ Հադրութի շրջանը կազմող բնակավայրերը խորհրդային տարիներին կազմում էին ԼՂԻՄ Հադրութի շրջանը, որի 15 000 բնակչության 90 տոկոսից ավելին, 1979 թվականի մարդահամարի տվյալներով, հայեր էին։
Ստեփանյանը շեշտում է՝ Հադրութի խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հումանիտար նշանակության կառույցները ադրբեջանական ԶՈւ–ի կողմից դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկվել ագրեսիայի հենց առաջին օրից։ Շրջանից 32 քաղաքացիական անձինք են զոհվել ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետանային հարվածների, խոշտանգումների և կտտանքների հետևանքով։
Պաշտպանը հիշեցնում է նաև 73-ամյա Բենիկ Հակոբյանի ու 25-ամյա Յուրի Ադամյանի մասին, որոնք գերեվարվելուց հետո ցուցադրաբար սպանվել են Հադրութ քաղաքի հրապարակում։
Օկուպացիայի հետևանքով շրջանի 14000 բնակիչները տեղահանվել են, կորցրել իրենց պատկանող շարժական ու անշարժ գույքը, աշխատանքն ու ամբողջ ունեցվածքը։
«Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերն էթնիկապես «մաքրվել» են հայկական ներկայությունից, իսկ հայերին պատկանող տներն ու ունեցվածքը ադրբեջանցիների կողմից ենթարկվել են վանդալիզմի և թալանի»,- նշում է Արցախի ՄԻՊ-ը։
Մինչև ադրբեջանական օկուպացիան շրջանում գործում էր 6 մանկապարտեզ և 26 դպրոց։ Պաշտպանն ահազանգում է՝ ոչնչացման և վերացման վտանգի տակ են հայտնվել հայերի ստեղծած նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները, 500-ից ավելի նշանակալի պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբավայրեր։
«Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով պղծում են շրջանի բնիկ հայկական բնակչության ստեղծած հոգևոր-մշակութային արժեքները։ Այդ մասին է վկայում նաև սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութը, որում Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար հրահանգում է Ծակուռի գյուղի եկեղեցուց հեռացնել հայկական գրությունները»,- նշում է պաշտպանը։
Նրա խոսքով՝ մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող հայկական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունները վկայում են, որ Հադրութի բոլոր բնակավայրերում հայկական գերեզմանատները քանդվում և ոչնչացվում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ ճանապարհներ կառուցելու համար։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է՝ Հադրութի և Արցախի այլ օկուպացված բնակավայրերի հայ բնակչության իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ արձանագրումներն ու բազմաթիվ ահազանգերն օկուպացիայից մեկ տարի անց էլ դեռևս չեն արժանացել միջազգային կառույցների, առանձին պետությունների և իրավապաշտպան կազմակերպությունների պատշաճ ուշադրությանն ու գնահատականին։
Նա նկատում է՝ միջազգային հանրությունն ուղիղ պարտավորություն և պատասխանատվություն ունի ապահովելու շարունակվող օկուպացիայի տակ գտնվող հայկական բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու նրանց վերադարձը հայրենի բնակավայրեր։
Թողնել պատասխան