Հայաստանը կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը. Այվազյան

Ֆրանկոֆոնիա
Մարտի 20-ին ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որն աշխարհի շուրջ 300 միլիոն ֆրանսախոսներ նշում են ոչ միայն որպես ֆրանսերենի մեծարման տոն, այլ նաև վերահաստատում են իրենց կամքը համերաշխության և մշակութային բազմազանության համատեքստում:

«Հայաստանը, որը ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի օրվա նշանավորումը, որը խորհրդանշում է խաղաղություն, համերաշխություն, հանդուրժողականություն ու մշակութային բազմազանություն», — իր ուղերձում նշել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

Համաձայն նույն հաղորդագրության Այվազյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեհամակարգում կարևորվում է խաղաղության ամրապնդումը, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխհարաբերությունները, որոնք բացում են զարգացման ճանապարհներ` մերժելով ատելությունը, խտրականությունն ու կեղծիքը:

«Ափսոսանքով պետք է նշել, որ մեր տարածաշրջանում ոչ բոլոր երկրներն են կիսում հիրավի համամարդկային այս արժեքները: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, ինչը ծանր հումանիտար հետևանքներ ունեցավ խաղաղ բնակչության համար: Այս համատեքստում հայ ժողովրդի համար առանձնակի կարևորություն ունի աշխարհի ֆրանկոֆոն ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից՝ պատերազմի ծանր օրերին մեր երկրի կողքին կանգնելու որոշումը:

Հայաստանը, հանձնառու լինելով Ֆրանկոֆոնիայի և համամարդկային քաղաքակրթական արժեքներին, պատրաստակամ է շարունակել ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հաստատման համար», — ասված է նախարարի ուղերձում։

Հայաստանում յուրաքանչյուր տարվա մարտ — ապրիլ ամիսներին նշվում է ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որի շրջանակներում երկրի մայրաքաղաքում և մարզերում իրականացվում են կրթական — մշակութային բազմատեսակ միջոցառումներ, սակայն այս տարի COVID-19 համավարակով պայմանավորված Ֆրանկոֆոնիայի օրը չի նշվելու նախորդ տա մասշտաբներով։

Դիտումների քանակը: 4257
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին