Հայաստանյան զինված ուժերը սեպտեմբերին դուրս կբերվեն Արցախից

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը տրամաբանական է: Այդ մասին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

«Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ», — նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Վերջինս նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայումը պետք է անվտանգության երաշխիք լինի։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ներկայությունը վկայում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար իրական վտանգի ճանաչումը Ռուսաստանի կողմից, և խաղաղապահ ուժերը առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ արդյոք դա չի նշանակո՞ւմ Լեռնային Ղարաբաղն իրոք անպաշտպան թողնել Գրիգորյանը ընդգծեց հետևյալը. «Ոչ, որովհետև նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որևէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»:

Դիտումների քանակը: 4100
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին