ՀՀ ԱԳՆ–ն Արցախում խաղաղապահ զորախմբի գործողությունների քննություն է պահանջում

Ադրբեջանի կողմից ագրեսիան Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է, ինչը բացահայտ արհամարհանք է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ ներառյալ իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու վերաբերյալ դրույթի նկատմամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ–ն` անդրադառնալով Արցախում վերջին շրջանում ստեղծված իրավիճակին։

«Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաև խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպի և հրապարակի»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

ՀՀ ԱԳՆ–ն ակնկալում է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար:

«Ադրբեջանն իր հայտարարություններով պահանջում է դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ինքնապաշտպանական ուժերը։ Վերջնանպատակն էթնիկ զտումների իր ուղեգիծն ամբողջացնելը և արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը նոր թափով իրագործելն է»,–ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարծում է, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3979
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին