ՀՀ-ից փրկարարական ջոկատներ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։
«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն երկրում են։ Զորակցությունը կյանք է»,- գրել է Փալյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Մեկնող ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս իր ֆեյսբուքյան էջից հայտնել էր, որ փրկարարները «գնում են մարդ փրկելու: Բանալի բառը՝ ՄԱՐԴ: Անփորձանք վերադառնաք, սիրելի փրկարարներ»:
Հավելենք նաև, որ այսօր Նիկոլ Փաշինյանը զանգել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել վերջինիս և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը։
Էրդողանը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:
Թողնել պատասխան