ՀՀ ՄԻՊ-ն արձանագրել է եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով կոչեր սոցցանցերում

Գայանե

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերում են այսօր՝ դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն: Նրանց փոխանցմամբ` այդ կոչերն ու գրառումներն ուղեկցվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով:

«Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով, այդ թվում՝ դրանք հակասում են կարծիքի արտահայտման ազատությանը: Դրանք թույլատրելի չեն նաև որևէ միջազգային պահանջով: Ուստի, այդպիսի մոտեցումները հակաիրավական են:

Ավելին, Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության 41-րդ հոդվածով երաշխավորված է յուրաքանչյուր մարդու մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը: Այս իրավունքը, ըստ Սահմանադրության, ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը», — ասված է հայտարարության մեջ:

ՄԻՊ-ը շարունակում է` հիշեցնելով, որ Սահմանադրական այս երաշխիքները վերաբերում են Հայաստանում բոլոր տեսակի դավանանքներին, իսկ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պարագայում խոսքը գնում է քաղաքացիների մեծամասնության մասին:

Բացի այդ հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի իր կանոնները, և դրանց հիման վրա են տեղի ունենում եկեղեցական արարողությունները, որոնց ազատ իրականացումը մեր պետությունը երաշխավորել է Սահմանադրությամբ ու օրենքներով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է բոլոր գործընթացների մշտադիտարկում, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դիտարկման միջոցով:

«Մեր երկրում ցանկացած արարք ու այլ տեսակի նախաձեռնություն պետք է հիմքում ունենա իրավունքի գերակայությունը, միմյանց նկատմամբ հարգանքն ու համերաշխության երաշխավորման հրամայականը», — ասված է հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ այս պահին Մայր Աթոռում «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» կարգախոսոց հավաք է ընթանում: Սուրբ Գայանե եկեղեցու բակ բազմաթիվ հավատացյալներ են հավաքվել։ Այնտեղ եկավ նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նրան ուղեկցում էին մի քանի ոստիկաններ, հոգևորականներ ու հավատացյալների մեծ բազմություն։

Դիտումների քանակը: 4341
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին