ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, չի համապատասխանում իրականությանը»,– նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հայտնում են, որ սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:
Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ ադրբեջանական մամուլը` հղում կատարելով երկրի ՊՆ-ին, հայտնել էր, որ «հայկական զինված ուժերը հունվարի 8-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբաջարի (Քարվաճառ) շրջանում Կրակը բացվել է նռնականետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից»։
Թողնել պատասխան