ՀՀ ՊՆ-ն հերթական անգամ «հերքում» է Թաթոյանի ահազանգը

received_277033014311127

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույցի ժամանակ կրկին անդրադարձել են պաշտպանի աղմկահարույց ահազանգին։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»,- գրված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Այդ հաղորդագրությանը Թաթոյանը ևս արձագանքել է, մասնավորապես, նշելով.

«1. Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:

2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:

3. Թեման համարում եմ փակված»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ–ը հոկտեմբերի 18-ին գրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ:

ՀՀ ՊՆ-ն հոկտեմբերի 19-ին արձագանքել էր Թաթոյանի գրառմանը` վստահեցնելով, որ ՄԻՊ–ի պնդումներն ակնհայտորեն ուռճացված են։

Թաթոյանն էլ երեկ հայտարարել էր, որ ՄԻՊ-ը երբեք ուռճացված հայտարարություններ չի անում, և ի պատասխան ՊՆ հերքման նա Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ ապացույցներ էր հրապարակել։

ՊՆ-ն այսօրվա հաղորդագրությամբ պնդում է, որ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական ԶՈւ կողմից ամրաշինական աշխատանքների վերաբերյալ գրառման մեջ առկա են «մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող պնդումներ»։

Նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից։

ՀՀ ՊՆ-ն հերթական անգամ «հերքում» է Թաթոյանի ահազանգը

Դիտումների քանակը: 4252
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին