Հոպարի խայտառակությունը

Ազգային անվտանգության ծառայության երեկվա հաղորդագրության մեջ նշվում է, որ 2013 թվականին Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները՝ հրաժարվել է վերադարձնել նկարները:

Հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Խուզարկություն է կատարվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում: Տարածքներից մեկում՝ իր աշխատասենյակի մետաղյա պահարանում, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով:

Ավտոմեքենաներից մեկը` մոտ 90 հազար դոլար արժողությամբ, 2017 թվականի արտադրության Mercedes-Benz GLE 400 4matic մակնիշի ավտոմեքենան, կասկածելի գործարքներում ներգրավված և ցոփ ու շվայտ սովորություններով հանրությանը հայտնի վերոնշյալ անձն առանց վարանելու նվիրել է ընկերուհուն:

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենք ու թմրանյութեր:

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նարեկ Սարգսյանը լուսանկար էր հրապարակել ու գրել՝ «Չենք ընդունում հրաժարականը»: Իհարկե չէր ընդունի՝ ԱԱԾ բնորոշմամբ ցոփ ու շվայտ կյանքը, անպատժելիությունը հնարավոր էր դարձել հորեղբոր իշխանության, նրա հովանավորության շնորհիվ: Ավելին, նա թերեւս դատապարտում էր հոպարին, որ թողնում-գնում է:

Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ էր այս ամենին: Նրան պարբերաբար տեղյակ էին պահում իր եղբոր ու եղբորորդու արկածների մասին, ասում էին՝ Սաշիկը նրան խայտառակում է: Ճիշտ է՝ հնարավոր է Սերժ Սարգսյանը չէր հավատում, ինչպես օրինակ չէր հավատում, երբ նրան զեկուցում էին, որ աղքատությունը երկրում մեծ է, հանրային լայն շերտեր տարրական պայմանների, հացի խնդիր ունեն: Բայց դա չի փոխում իրավիճակը:

Սաշիկ Սարգսյանի ու նրա որդու, Սերժ Սարգսյանի մյուս եղբոր ընտանիքի, նեղ շրջապատի ներկայացուցիչների վերաբերյալ իրավապահների բացահայտումները, երբ նրանց տներից դուրս են բերվում չհայտարարագրված միլիոնավոր դոլարներ, զենք ու թմրանյութ, խոսում են ամեն ինչի մասին:

 

Դիտումների քանակը: 4290
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին