Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Այդ մասին հաղորդում է Rudaw լրատվական գործակալությունը։
Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական Օլիմպիակոս ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։
Հունական կողմը թուրքական ակումբից պահանջել է նոր թեստ հանձնել, սակայն Գալաթասարայի ղեկավարությունը մերժել է պահանջը կատարել, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ Ստամբուլ։
Թուրքական մամուլն այդ կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել և մեղադրել հունական կողմին խտրականության մեջ։
Դեպքի առթիվ Հունաստանի քաղպաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Շարդալիասը հայտարարել է, որ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Գալաթասարայի ֆուտբոլիստներհ հրաժարվել են նոր թեստ հանձնելուց և իր հրամանով էլ վերջիններիս թույլ չեն տվել մուտք գործել Հունաստան։ Նա նաև հավելել է, որ Եվրոպական միության անդամ Հունաստանում հանրային առողջապահությունը և մարդու իրավունքները միշտ էլ առաջնային են։
Հարցն անգամ քննարկվել է Թուրքիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ։
Թողնել պատասխան