ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիության խնդրի մասին խոսել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս առնչությամբ Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի իր գործընկերոջը՝ վերոհիշյալ հարցը օրակարգում մշտապես բարձր պահելու համար: ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցը։ Մտքեր են փոխանակվել այցի արդյունքներով ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ։
ԱԳ նախարարներ Այվազյանը և Լը Դրիանը կարևորեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների շարունակականությունը:
Թողնել պատասխան