Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մզկիթի է վերածում ևս մի պատմամշակութային կոթող: Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելուց հետո նրա թիրախում է հայտնվել բյուզանդական պատմական տաճարը, որը հայտնի է Քարիյե անունով և 1945-ից ունի թանգարանի կարգավիճակ: Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կվերաբացվի որպես մզկիթ։ Այդ տեղեկությունն իր պաշտոնաթերթում հրապարակել է Թուրքիայի կառավարությունը հղում կատարելով Էրդողանի կողմից ստորագրված հրամանին:
Հրամանագրում մասնավորապես նշված է, որ ելնելով նրանից, որ Թուրքիայի Պետխորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) անվավեր է ճանաչել 1945 թվականին նախարարների խորհրդի կողմից Քարիյե մզկիթը թանգարանի վերածելու որոշումը՝ Քարիյե մզկիթը Կրոնական գործերի վարչությանը հանձնելու և որպես մզկիթ բացելու որոշում է ընդունվել։
Հիշեցնենք, որ Խորի Սբ․ Ամենափրկիչը բյուզանդական այն տաճարներից մեկն է, որոնք 1453թ․Կոստանդնուպոլսի գրավումից հետո օսմանյան թուրքերը վերածեցին մզկիթների։
6-րդ դարում կառուցված, ապա մի քանի անգամ վերակառուցված Խորի վանքը 1511-ին Բայազիդ 2-րդ սուլթանի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից վերածվել է մզկիթի ու սկսել անվանվել Ալի փաշայի մզկիթ կամ Քարիյե մզկիթ։
1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։
Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կվերաբացվի որպես մզկիթ

Թողնել պատասխան