ՄԱԿ առաքելության տեղակայումը Բերձորի միջանցքում և ԼՂ-ում նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել. Միրզոյան

ԱԳՆ ՄԱԿ

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Այդ մասին, ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության,  հայտնել է Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին իր ելույթում։

«Ի հեճուկս ամենի` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է ազատորեն օգտվել իր մարդու իրավունքներից: Այս վճռականությունը չի փոխվել նույնիսկ Ադրբեջանի ճնշման և ագրեսիայի ավերիչ, շարունակական ալիքներից հետո»,- շեշտել է Միրզոյանը` ընդգծելով, որ հենց այդ ագրեսիայի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, ավերվել հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական ժառանգության կոթողներ:

Միրզոյանը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը հիմնականում անտարբեր մնաց, ինչի հետևանքով Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված անպատժելիությունից: Այնուհետև Ադրբեջանը հարձակվեց և օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։

Նա նշել է, որ նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել մարդու միջազգային իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։

«Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը»,- ասել է Միրզոյանը։

Նա մատնանշել է, որ հենց այդ անպատժելիության հետևանքով է, որԼեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում»,–ասել է Միրզոյանը:

Այս համատեքստում նա ընդգծել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտադիր հրատապ միջոց է կիրառել Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում, զուգահեռ վարույթում միաժամանակ միաձայն մերժել Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի պահանջները` Հայաստանի կողմից իբր ականներ տեղադրելու վերաբերյալ: Հիշյալ որոշման մեջ դատարանը վճռել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Չնայած այն բանին, որ Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակումը։

«Ադրբեջանն այս հանցագործությունը կատարում է` չնայած Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապաշրջափակման իրապես համընդհանուր, այդ թվում՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի և մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված պահանջի»,- շեշտել է Միրզոյանը։

Նույն կերպ Ադրբեջանը չի հետաքննել արտադատական սպանությունները, մահացած հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, անդամահատումները և պղծումները, ինչի վերաբերյալ հստակ կոչ էր հնչեցվել ՄԱԿ մանդատակիրների կողմից:

ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները նաև ընդգծել են, որ իրենք դեռ ակնկալում են Ադրբեջանից ստանալ «տեղեկատվություն ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների կալանավորման փաստացի և իրավական պատճառների, ինչպես նաև անհետացածների ընտանիքներին նրանց ճակատագրի և ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին»:

Ելույթի վերջում Միրզոյանն արտահայտել է Հայաստանի հաստատակամ համոզմունքը, որ ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։
«ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք…Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների, որոնց համար էլ հենց ստեղծվել և մանդատ են ստացել այդ մեխանիզմները։ Միջազգային համակարգը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ ձախողում»,- ասել է Միրզոյանը։

Դիտումների քանակը: 3763
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին