Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու։ Այդ մասին ռուսական աղբյուրների փոխանցմամբ` Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը։
Լավրովի խոսքով` Մոսկվան շահագրգռված է կողմերի միջև վստահության մեծացմամբ և հայ-ադրբեջանական լիարժեք հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծմամբ։
«Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա առաջ ընթանալ այն ճանապարհով, որը նախանշել են մեր ղեկավարները»,- ասել է նա։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, իր հերթին, նշել է, որ հանդիպումը «լավ հնարավորություն է` քննարկելու առաջընթացը, որին հնարավոր է հասնել»։ Նա միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ «դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։
«Գիտեմ, որ գործընկերների միջև շփումները շարունակվում են: Կարծում ենք, որ կա լավ հեռանկար, լավ հնարավորություն արդյունքի հասնելու և եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ իրականացնելու համար», — ասել է ադրբեջանցի պաշտոնյան` հավելելով, որ վերջին շրջանում բավականին ինտենսիվ շփումներ են ունեցել պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի ուղղությամբ։
«Կարծում եմ, որ լավ զարգացումներ, ըմբռնում կա սահմանազատման հարցերի հանձնաժողովում կողմերի կազմի և ներկայացուցչականության առումով, նաև կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի առնվազն սկսել այս գործընթացը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Արարատ Միրզոյանը հանդիպման մեկնարկին շեշտել է՝ Հայաստանը եղել և շարունակում է հավատարիմ մնալ երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների իրականացմանը։
«Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները ներկայիս ձևաչափերի ուղղությամբ. տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի կամ, ինչպես երևի ավելի ճիշտ է ասել, հարաբերությունների կարգավորման համաձայնագրի, հարաբերությունների հաստատման ու մնացյալ բոլոր խնդիրների լուծման ուղղութամբ, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և այլ խնդիրների, որոնք մնում են չլուծված»,- հայտարարել է Հայաստանի դիվանագիտության ղեկավարը:
Հիշեցնենք` 2022թ–ի մարտին պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ հինգ կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել Հայաստանին ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայկական կողմն ի պատասխան հայտնեց, որ առաջարկներն ընդհանուր առմամբ ընդունելի են, սակայն հայտարարեց, որ հայկական կողմը ևս առաջարկներ է ներկայացրել Բաքվին։
Թողնել պատասխան