Նման քաղաքականությունը բիրտ հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը. ԱՀ ԱԳՆ

ԱՀ ԱԳ նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարված և սպանված Արցախի բնակչի դեպքին և հայտարարել, որ Ադրեջանի` նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։

Հաղորդագրությունում նշվում է, որ այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։

ԱՀ ԱԳՆ–ից շեշտում են, որ նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։

Որպես նշվածի ապացույց կարելի է դիտարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։

«Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։ Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։

Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել Ադրբեջանի սադրանքներին և չկորցնել հայրենիքում ապրելու հաստատակամությունը։

Դիտումների քանակը: 4031
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին