Փաշինյանն ընդգծել է Հայաստանում ռուսական բիզնեսի ներդրումներ կատարելու հետաքրքրության աճի մասին

Կրեմլում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են քննարկել տարածաշրջանային հարցերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև անդրադարձ կատարել տնտեսական ոլորտին։

«Մենք Ձեզ հետ պարբերաբար կապի մեջ ենք երկկողմ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների առնչությամբ։ Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են»,– նշել է ՌԴ նախագահը հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ երկրների միջև առևտրաշրջանառության աճ է գրանցվել, իսկ ներդրումային ծրագրերը շարունակվում են։

«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին»,–ասել է Պուտինը։

Փաշինյանն էլ իր հերթին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման և ավանդական ջերմ ընդունելության համար։ Նա նաև նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը չափազանց հագեցած է, և երկրների ղեկավարները քննարկելու շատ բան ունեն: Փաշինյանի խոսքով` մարտին գրանցված որոշակի անկումից հետո այժմ նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում, ինչպես նաև նա ընդգծել է Հայաստանում ռուսական բիզնեսի ներդրումներ կատարելու հետաքրքրության փաստը։

Փաշինյանը կրկին շնորհակալություն հայտնեց Պուտինին վերջինիս կողմից ռուսաստանցի գործարարներին Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում քաջալերելու համար:

ՀՀ վարչապետը հայտնել է նաև, որ կցանկանար քննարկել տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև համատեղ հայտարարության մեջ նշված ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցերը։

«Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ»,–իր խոսքն ամփոփել է Փաշինյանը։

Դիտումների քանակը: 4116
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին