ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, ինչի հետևանքով հայկական կողմն ունի նաև զոհեր ու վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Ստոլտենբերգը կարևորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Թողնել պատասխան