Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

16233357881469

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը: Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են տարբեր հարթակների, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության (USASD) շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը»-, նշված է գերատեսրության տարածած հաղորդագրության մեջ:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանն առաջնահերթ ընդգծել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների հայրենադարձման հարցը, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 20-ին Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության` նախարար Բայրամովը պետքարտուղարի օգնականին է ներկայացրել Բաքվի «դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»:

Դիտումների քանակը: 4044
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին