ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է։ Այդ մասին Սահմանադրական Դատարանի որոշումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ կայացրել է որոշում, համաձայն որի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
«Դատարանը գտնվեց իր բարձրության վրա։ Ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, այս ամենն այսքան իրավական պրոցեսների տանջալի, դաժան, բարդ ճանապարհի արդյունք էր։ Ի վերջո ճշմարտությունը հաղթեց։ 2018-ի դեպտեմբերից մեր փաստաբանական թիմն ու Քոչարյանը շեշտում էր 300.1 հոդվածի ոչ որոշակիության մասին։ ՍԴ–ն այսօր հենց դա փաստեց»,–նշել է պաշտպանը` հավելելով, որ անարդարությունն ավարտվեց։
Նրա խոսքով` 2009-ից սկսված մինչ այս կայացրած բոլոր ակտերը, որոնք վերաբերվել են ՔՕ 300.1 հոդվածին, պետք է վերանայվեն։
Հիշեցնենք, որ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և այն վերջնական է։
Նշենք նաև, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին դրությամբ չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։
Թողնել պատասխան