ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, համաձայն որի գերատեսչությունը խորը մտահոգություն է հայտնել` կապված Արցախում լարվածության աճի հետ։
«2022 թվականի մարտի 26-ին ՌԴ ՊՆ տեղեկագրում արձանագրված` ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի զինված ներխուժման փաստերը և հրադադարի ռեժիմի պահպանման խախտումները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության մեջ ամրագրած դրույթներին»,–ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորում է ցուցաբերել զսպվածություն և ապահովել եռակողմ պայմանավորվածությունների բարձր մակարդակով և անշեղ կատարումը։
Ադրբեջանի ՊՆ-ն երկար սպասել չտվեց ու արձագանք հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ, մասնավորապես նշում է․
«Մարտի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ճշգրտվում են տեղում դիրքերն ու տեղակայումը»,- նշում է ադրբեջանական կողմը՝ հավելելով, որ մարտի 26-ի առավոտյան հայկական «անօրինական զինված խմբավորումների անդամները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա»։
Պաշտոնական Բաքուն կրկին շեշտում է հայտարարության 4-րդ կետը, որը ենթադրում է հայկական ԶՈՒ-ի ամբողջական դուրսբերում և մեղադրում հայկական կողմին այդ կետի խախտման մեջ։
«Պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ՌԴ ՊՆ այս հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջև ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։
Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղը ոչ թե Ֆուրուխ է կոչվում, այլ Ֆարուխ։
Վերոնշյալի կապակցությամբ Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Նա նաև խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրը և ճիշտ նշել Ադրբեջանի տարածքների անվանումները», ամփոփում է պաշտոնական Բաքուն։
Թողնել պատասխան