Ավագյանը խոստանում է, որ «կպատռի Նիկոլ Փաշինյանի և նրա բանդայի դիմակը»

Բորիս

Մոտ մեկ ամիս առաջ ՌԴ-ում բերման ենթարկված Բորիս Ավագյանը Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկից սկանդալային տեղեկություններ է հայտնել։ Այդ մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը, որին հաջողվել է Ավագյանի կնոջ միջոցով կապ հաստատել նրա հետ։

Համաձայն աղբյուրի հայտնած տեղեկությունները վերաբերում են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Անանյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ավագյանը խոսել է ՌԴ–ում իրեն ձերբակալելու մասին շեշտելով, որ այն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազության դիմումի հիման վրա և պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` նրան ամեն գնով Հայաստան վերադարձնելու:

Բացի այդ, ըստ աղբյուրի, Ավագյանը խոստովանել է, որ աջակցել է մի խումբ անձանց` խուսափել մաքսատուրք վճարելուց:

«Այդ խումբը կազմված է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար»,– գրել է Բորիս Ավագյանը:

Թերթը գրում է, որ նա վստահեցրել է, թե ինքն այդ պահին հավատացել է «փաշինյանական բանդայի ստերին», սակայն հետո հասկացել է, որ գումարները նրանք յուրացնում են, ու անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրել է այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

«Ձերբակալվեցի 72 ժամով՝ որպես հանցակից, և ազատ արձակվեցի միայն իմ ներկայացրած բոլոր փաստերի ստուգումից հետո: Քանի դեռ ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն էր, հետաքննություն էր ընթանում, որի շրջանակներում հարցաքննում էին Շուշանիկ Ներսիսյանին։ Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն էր պահանջում Փաշինյանից, բայց այդպես էլ չստացավ համաձայնություն, այլ հրահանգ ստացավ՝ արգելելու Հայաստանից իմ ելքը»,– նշել է Ավագյանը։

Նա հայտնել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից` Վանեցյանի հրաժարականից հետո, քրեական գործը փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի կասեցվեր «Շուշանիկ Ներսիսյանի և նրա կոռուպցիոն սխեմաների» հետաքննությունը:

«Փաշինյանի բանդան բազմիցս ճնշումներ է գործադրել իմ բոլոր հարազատների և մտերիմների, ընդհուպ, սանիկներիս և վարորդիս ընտանիքի նկատմամբ: Ես ստիպված եմ քաղաքական ապաստան խնդրել ՌԴ–ում, քանի որ այն բռնատիրական ռեժիմը, որը սահմանել է Փաշինյանը ՀՀ–ում, միտված է նրան, որ քրեական գործեր սարքվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակություն են ունենում նրա մասին ճշմարտությունն ասելու»,– գրել է Ավագյանը։

Նա նաև խոստացել է հրապարակումների շարք սկսել, որով «կպատռի Նիկոլ Փաշինյանի և նրա բանդայի դիմակը»։

Ավագյանը խոստանում է, որ «կպատռի Նիկոլ Փաշինյանի և նրա բանդայի դիմակը»

Թերթը նաև նշում է, որ փորձել են ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենից ճշտել, թե արդյո՞ք եղել է նման քրեական գործ և ի՞նչ ընթացք է ունեցել: Սակայն Վանեցյանը չի ցանկացել մեկնաբանել Բորիս Ավագյանին, բայց նշել է, որ վերջինս իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ անցել էր փողերի լվացման և հարկերից չարամտորեն խուսափելու գործով: Իսկ Շուշանիկ Ներսիսյանի հետ կապված նա նշել է, որ, իր պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության մարմինների կողմից հարուցված մեկ այլ քրեական գործով Շ.Ներսիսյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ նշված քրեական գործի շրջանակներում տարաբնույթ քննչական գործողությունների մասնակցելու համար, որից հետո գործը ուղարկվել է ՀՔԾ:

Այլ մանրամասներ Վանեցյանը չցանկացավ բարձրաձայնել, իսկ այն հարցին, թե երբևէ հանդիպե՞լ է Բորիս Ավագյանին, ճանաչո՞ւմ է նրան, նա ասաց.

«Ոչ, երբևէ չեմ հանդիպել, չեմ ճանաչում»։

Դիտումների քանակը: 4611
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին