Շուշիի տանկը ենթարկվել է վանդալիզմի

Շուշիի տանկ

Հակառակորդի չորս զինվորականներ` խախտելով եռակողմ հայտարարության պայմանները, մտել են հայկական վերահսկողության տակ գտնվող Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածքը:

Դեպքի առթիվ առաջինն ահազանգել է Wargonzo թելեգրամ ալիքը` նշելով, որ ադրբեջանցի չորս զինվորականները հասել են մայրուղու հարակից հատվածում տեղադրված տանկի մոտ, գրություններ թողել հուշարձանի ցուցանակի վրա ու հեռացել:

Աղբյուրը նշում է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը խախտում է երեք երկրների ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության պահանջները։ Առավել ևս, որ համաձայն տվյալ հայտարարության Լաչինի միջանցքով` մայրուղուց 2.5 կմ հեռավորության վրա, բացի ռուս խաղաղապահներից, որևէ այլ երկրի զինվորականներ չպետք է գտնվեն:

Պարզվում է, որ ադրբեջանցիները հուշարձանի տարածք են հասել` շրջանցելով Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկում տեղակայված խաղաղապահների պահակակետը, և նրանք անցակետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տանկի մոտ են հասել այլ ճանապարհով։

Եվ թեկուզ դեպքը, որը ճիշտ է որակել որպես կանխամտածված սադրանք, տեղի է ունեցել երեկ, որևէ պաշտոնական արձագանք առայժմ չի հնչել։

Հիշեցնենք` արցախյան ազատամարտին ու 1992թ–ի Շուշիի ազատագրմանը մասնակցած և մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական տանկը դարձել էր Շուշիի ազատագրման խորհրդանշական հուշարձանը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում մեր հայրենակիցները և հյուրերը։

Դիտումների քանակը: 5396
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին