Պետքարտուղարությունն Ադրբեջանի վերաբերյալ կրոնական ազատության զեկույցում ընդգծել է Կանաչ ժամ և Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցիների դեմ վանդալիզմը
ԱՄՆ պետքարտուղարության Կրոնական ազատության հանձնաժողովի տարեկան զեկույցում Ադրբեջանի հետ կապված բաժնում բազմաթիվ արձագանքներ կան Արցախի հայկական հուշարձանների հարցով։ Այնտեղ արտացոլված է արցախյան վերջին պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծման փաստը, թեև, ըստ Պետքարտուղարության, չկան տվյալներ, որ եկեղեցին հայկական կողմը կիրառում էր ռազմական նպատակներով։ Կառույցը շեշտել է, որ, հայկական կողմի խնդրանքով, ռուս խաղաղապահները պահպանության ներքո են վերցրել Դադիվանքը։
«Նախագահ Ալիևի հանրային ելույթը, թե Քարվաճառի եկեղեցիները պատկանում են աղվանական հին պետությանը, հայերի շրջանում մտահոգություն է առաջացրել, որ Ադրբեջանը կարող է փորձել խաթարել որոշ կրոնական վայրերի կապն իրենց հայկական ժառանգության հետ»,- նշված է զեկույցում։
Պետքարտուղարությունը մատնանշել է նաև Կանաչ ժամի և Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցու դեմ վանդալիզմի մասին։ Ուշագրավ է, որ վերջին դեպքում ամերիկյան արտաքին գերատեսչությունը կիրառել է Մեխակավան հայերեն անվանումը։