Կայացել է ԱՊՀ ԱԳՆ նիստը. Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարության խախտման մասին

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը: «Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։ Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ: