Կայացել է ԱՊՀ ԱԳՆ նիստը. Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարության խախտման մասին

ԱԳՆ

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

«Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։

Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

Դիտումների քանակը: 4082
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին