Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք, ոչ թե մասնատված․ Արմեն Սարգսյան

48717

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության ու դժվարին պահին հայրենիքին ցուցաբերած աջակցության համար: Նա խոսել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմի, երկրում ստեղծված իրավիճակի, Հորդանան կատարած այցի նպատակների մասին, ինչպես նաև պատասխանել համայնքի ներկայացուցիչների հարցերին:
Հայաստանի նախագահը նշել է, որ դժվարություններն ու խնդիրները բազմաթիվ են. «Պատերազմի անփառունակ ավարտը, Արցախի այսօրվա կարգավիճակի հետ կապված խնդիրները, այն, որ բազմաթիվ արցախցիներ այսօր իրենց տունն են գտել Հայաստանում, և Աստված գիտի՝ այդ տունը ժամանակավոր է, թե մշտական։ Հազարավոր հայ երիտասարդներ կյանք են կորցրել, հազարավոր երեխաներ ծնող են կորցրել, հազարավոր հայ երիտասարդներ վիրավոր են, հազարավոր զինվորներ վերադառնում են տուն, իսկ տանը մեծ տնտեսական դժվարություններ կան, որոնք խորացել են նաև կորոնավիրուսի հետ կապված։ Սրանք իրականություն են, որոնց առաջ չես կարող աչքերը փակել»։

Արմեն Սարգսյանն ասել է, որ դեպի հաղթանակ լավագույն ճանապարհը սեփական արժեքներն ու սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն է։

Նախագահն ընդգծել է, որ այս դժվարին օրերին մենք նորովի ենք գտնում մեր բարեկամներին։ «Հորդանանը մեր բարեկամ երկիրն է։ Երբ այս դժվարին օրերին Նորին Մեծությունից հրավեր ստացա պաշտոնական այցով այցելել Հորդանան, ուրախությամբ ընդունեցի։ Այս հրավերը վկայում է այն մասին, որ Հայաստանի համար ամենադժվարին պահին Հորդանանը ձեռք է մեկնում մեր երկրին, ցույց է տալիս ողջ աշխարհին, նախ և առաջ, մահմեդական աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ,-ասել է Հայաստանի նախագահը։ -Միաժամանակ, նա ցույց է տալիս, որ այս պատերազմը չի եղել և երբեք չի կարող գնահատվել որպես կրոնական պատերազմ։ Հակառակը, իսլամական աշխարհի առաջնորդն առաջիններից է, որ մեզ ձեռք է մեկնում»։

Անդրադառնալով այցի ընթացքում ունեցած հանդիպումներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ հանդիպումների առանցքում համագործակցության խորացման հարցերն են եղել:

Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ թագավոր Աբդալլահ Երկրորդը կաջակցի Հորդանան գետի ափին՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում վեր խոյացող, հայ-հորդանանյան բարեկամություն խորհրդանշող, Հորդանանում հայոց պատմության շարունակական ներկայությունն ապահովող Սուրբ Կարապետ հայկական առաքելական եկեղեցին ամբողջովին ավարտուն տեսքի բերելուն։ Հորդանանի թագավորի հետ խոսել են նաև հայկական մշակութային և հոգևոր արժեքների պահպանության վերաբերյալ։

Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին՝ կարևորելով ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելը: Խոսելով իր ներկայացրած՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու առաջարկությունների մասին՝ նախագահն ընդգծել է, որ խորհրդարանական երկրում ճգնաժամի լուծման ճանապարհը միշտ եղել են արտահերթ ընտրությունները։ Ազգային համաձայնության կառավարության ձևավորման գաղափարը նույնպես նոր չէ։

Դիտումների քանակը: 4404
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին