Թեհրանը կրկին շեշտում է` անթույլատրելի է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն

ՀՀ ԻՐԱՆ

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Աղբյուրը նաև բշում է, որ Միրզոյանն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը:

«Անդրադառնալով Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքի նշանակությանը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման առնչությամբ»,– նշված է ՀՀ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն։

Երկուստեք ընդգծվել է խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում նախարարները գոհունակություն են հայտնել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։

Կարևորվել է երկկողմ օրակարգը հարստացնելու նպատակով համատեղ ջանքերի իրականացումը, հատկապես էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում:

Դիտումների քանակը: 4062
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին