Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3 -րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցել: Նշենք, որ տվյալ դեպքում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով արարքն օրենքով պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը: Նա իր տրանսպորտային միջոցը վարել էր լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց, մասնվորապես սպառնալով «գյուլլել», «սատկացնել» վերջիններիս, ինչպես նաև հայհոյանքներով պահանջել էր իր առանձնատունը ցույց չտալ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դատախազությունը, մամուլի հրապարակումներից տեղեկանալով հիշյալ միջադեպի մասին, անմիջապես քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ի դեպ, Գոռ Աբրահամյանը հերքեց տեղեկություններն այն մասին, թե իբր երեկ ոստիկանները ուղևորվել են Վլադիմիր Գասպարյանի առանձնատուն՝ նրան ձերբակալելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ընդգծելով, թե իր տեղեկություններով Երևանից օպերատիվ խումբ է շարժվել Գասպարյանին ձերբակալելու համար։ Ուշագրավ է, որ ավելի ուշ փաստաբան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է այդ տեսանյութը։

Դիտումների քանակը: 4847
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին