Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպք

Յուրացում

Այսօր՝ օգոստոսի 18-ին, հայտնի դարձավ, որ բացահայտվել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու դեպքեր:
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) իր տարածած հաղորդման մեջ նշել է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի իրավասու պաշտոնատար անձինք 2009 թվականի ընթացքում նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ, համայնքապատկան գույքը վերջինիս անհատույց կերպով օտարելու խմբային շահերից ելնելով, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, չունենալով համայնքապատկան գույքը նվիրատվության կարգով այլ անձանց սեփականությանը հանձնելու օրենքով նախատեսված որևէ հիմք, անտեսելով համայնքի իրական կարիքների համար տվյալ անշարժ գույքերի օգտագործման հնարավորությունը, 27.05.2009թ.-ին, 06.05.2009 թ.-ին ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը, որոնց նկատմամբ վերջիներս ձեռք են բերել սեփականության իրավունք: համաձայն հաղորդագրության որոշ ժամանակ անց՝ 02.02.2011 թ.-ին, 10.02.2011 թ.-ին, 01.06.2011 թ.-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց:
Նշված գործողությունների արդյունքում էլ խաթարվել է տեղական ինքնակառավարման մարմնի բնականոն գործունեությունը, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր՝ 235 միլիոն ՀՀ դրամ արժեք ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:
Ծառայությունը փաստում է նաև, որ միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշատակված առանձնապես խոշոր չափերով գույքերի ծագման աղբյուրը, իրավունքների պատկանելությունը, նախնական համաձայնության գալով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, վերջիններիս օժանդակությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքից ապօրինի ձեռքբերված և փաստացի իրեն պատկանող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքները ձևականորեն գրանցել է իր մերձավորների և իրենից ծառայողական ենթակայությամբ գործող անձանց անվամբ՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր գույքերի իրական ծագումնաբանությունը և իրական հնարավորություն ունենալով առանց իրավական հետևանքների տնօրինել դրանք:
Դեպքի առթիվ օգոստոսի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Հայտնի է նաև, որ ծառայության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն նույն սխեմայի գործադրմամբ համայնքապատկան այլ գույքերի ապօրինի տիրանալու վարկածը ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, պաշտոնյաների արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ ԱԱԾ-ն հիշեցնում է նաև, որ ծառայության քննչական դեպարտամենտում քննվող մեկ այլ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ:

Դիտումների քանակը: 4382
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին