Կալանավորվել է ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը

Գագիկ Խաչատրյան

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը քննվով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունն, որոշում է կայացրել կալանավորել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ (2008-14 թթ․), Ֆինանսների նախկին նախարար (2014-16 թթ․) Գագիկ Խաչատրյանին և ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանին։ Այդ մասին հայտարարեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա մասնավորապես հայտնեց, որ դատարանը գտավ, որ ձերբակալությունն ապօրինի էր, ոչ իրավաչափ, բայց միևնույն ժամանակ կալանավորման մասով գտավ, որ կալանքի մասով հիմքերը բավարար են: Խոսքը վերաբերվում է 200 մլն դրամի յուրացմանը: Պաշտպանը նշեց, որ միանշանակ բողոքարկելու են դատարանի որոշումը:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը, մեղադրվելով առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար, օգոստոսի 27-ին ձերբակալվել էր` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։ ԱԱԾ–ն հայտարարել է, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել, ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Խուզարկություններ են կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում` ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Կարեն Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալված է։ Այսպիսով, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դիտումների քանակը: 4769
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին