Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վլադիմիր Գասպարյանը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող, իր ընտանիքին պատկանող առանձնատանը, նկատել է, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով և սարքի շահագործողներին պարզելու նպատակով իրեն պատկանող կվադրոցիկլով շարժվել է անօդաչու թռչող սարքի հետագծով: Նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանին և նրա նկարահանող խմբին՝ Վ.Գասպարյանը հայհոյանքներ և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Տեղեկանալով, որ վերջիններս իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը և ռեպորտաժ են պատրաստում Սևանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ՝ պահանջել է դադարեցնել այն և շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հոգեբանական ճնշումներ  է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը և հրաժարվել այն տարածելուց, ինչից հետո, համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է, հեռացել է նշված վայրից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշում է Քննչական կոմիտեն։

Փաստի առթիվ «Ազատություն» ռադիոկայանը դժգոհություն է հայտնել հիմնավորելով, որ Վլադիմիր Գասպարյանը կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել «Ազատության» նկարահանող խմբի հասցեին` հայհոյանքներով և հոգեբանական ճնշումներով հարկադրելով ջնջել տեսագրությունը` նրան մեղադրանք է առաջադրվել միայն տուգանք սահմանող Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը):

Ըստ ռադիոկայանի տեղեկության քրեական գործը հարուցվել էր նույն հոդվածի 3-րդ մասի` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, որը կատարվել է լրագրողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Նույն հոդվածի երկու մասերի տարբերությունը նախևառաջ պատժաչափն է. առաջադրված մեղադրանքով պատիժը մեղմ է` միայն տուգանք 200-400 հազար դրամի չափով, իսկ հոդվածի այն մասով, որով ի սկզբանե հարուցվել էր քրեական գործը, նախատեսված է ազատազրկում 3-7 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի սկզբին Սևանի ափամերձ հատվածում ապօրինի կառույցների մասին ռեպորտաժի նկարահանման ընթացքում նախկին ոստիկանապետը անձամբ էր խոչընդոտել «Ազատության» նկարահանող թիմի աշխատանքը: Նա կվադրոցիկլը վարել էր լրագրողների ուղղությամբ` սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել նրանց` «գյուլլել, սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել էր իր առանձնատունը ցույց չտալ:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019-ի սեպտեմբերին, Գասպարյանին դարձյալ մեղադրանք էր առաջադրվել, որը վերաբերում էր նրա՝ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետ պաշտոնավարելու տարիներին թույլ տված պաշտոնեական չարաշահումներին։

Դիտումների քանակը: 4400
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին