Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը հերթական անգամ դիմել է սադրանքի` կրակելով հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Դեպքի մասին ահազանգել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Պաշտպանը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում։
«Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա»,- փաստել է Ստեփանյանը հավելելով նաև այն, որ կեսգիշերն անց ևս ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները։ Դրանք հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, նյութական վնաս էլ չի արձանագրվել։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։
Արցախի ՄԻՊ-ը շեշտում է՝ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են բնակիչների բնականոն կյանքն ու գործունեությունը։
Նա նաև ընդգծում է, որ արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը, մասնավորապես միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է դառնում նման դեպքերի կրկնության համար։
Ստեփանյանը պնդում է՝ անհրաժեշտ է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննություն իրականացնել ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ։
Թողնել պատասխան