Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ կոնգրեսական Ադամ Շիֆը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերն անցել են Հայաստանի տարածք: Եթե դա իսկապես ճիշտ է, ապա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», — գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան էջում։
Նա նաև շեշտել է, որ չի կարելի ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, քանի որ վերջինս հրահրում է ռազմական գործողություններ հարևան պետությունների նկատմամբ։
«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն փաստից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», — հավելել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 12-ին, լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։
Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Բացի այդ մայիսի 12-ի կեսգիշերին Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:
Թողնել պատասխան