Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «շուտով կկալանավորվի և կկանգնի դատարանի առաջ»։ Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության ղեկավար Նեմաթ Ավազովը։
Աղբյուրը նշում է, որ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերին Գյանջայում [Գանձակ] խաղաղ բնակիչների դեմ չորս ահաբեկչությունների մեջ։
«Հայաստանի տարածքից տեռոր է իրականացվել։ Արդյունքում զոհվել է 26 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 175-ը։ Հոկտեմբերի 4-ին Արայիկ Հարությունյանը սոցցանցերի իր էջում ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, իսկ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այն, որ նա դեռ չի բերվել հետաքննության, ժամանակավոր է։ Կարծում եմ, որ, համաձայն միջազգային կոնվենցիայի, Հարությունյանը կարճ ժամանակում կկալանավորվի քննչական խմբի կողմից և կհանձնվի հետաքննության»,- նշել է Ավազովը։
Հիշեցնենք, որ Արցախի մի շարք կուսակցություններ արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտության համար մեղադրում էին հենց Արայիկ Հարությունյանին, մատնանշելով, որ 1992 թվականի իրադարձություններին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, սակայն հնարավոր եղավ բեկում մտցնել կռվում։ Հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում ոչ միայն վերականգնվեց կորսվածը, այլև հաջողվեց ազատագրել հայրենիքի բռնազավթված տարածքների մի մասը։
Թողնել պատասխան