Ադրբեջանը Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը Ալիևի վերաբերյալ համարում է «դիվանագետին ոչ հարիր»։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական վիճաբանությունը շարունակվում է։ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած միտքը, թե Վալերի Պեկրեսի վերաբերյալ Ալիևի բառերն «անընդունելի են», ադրբեջանական գերատեսչությունն արձագանքել է անմիջապես։
Պատասխան հայտարարության մեջ Ադրբեջանը հայտարարել է, որ Լը Դրիանի կողմից այլ պետության ղեկավարի հայտարարության մեկնաբանությունը «անպատասխանատու ու անընդունելի ձևով հակասում է դիվանագիտական ավանդույթներին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Ազգային ժողովում ասել է, որ «նախագահ Ալիևի խոսքերը վերաբերում են ընտրովի պաշտոնյային և Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, դրանք անընդունելի են ըստ էության և ըստ ձևի։ Ես այդ մասին հայտնել եմ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին»։
Հավելենք, որ դիվանագիտական վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցության կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը 2021-ի դեկտեմբերի 21-ին այցելել է Արցախ։ Իր հարցազրույցներից մեկում Պեկրեսը շեշտել է, որ ակնկալում է Ալիևին ուղղված պաշտոնական Ֆրանսիայի արձագանքը։ Բացի այդ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» կուսակցության խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր դիմումը և հայտնել.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վալերի Պեկրեսի հասցեին սպառնալիքներից հետո մենք կոչ ենք անում Էմանուել Մակրոնին՝ պահանջել Ադրբեջանից անհապաղ ներողություն խնդրել և քննարկել մեր դեսպանի հետկանչման հարցը»,- գրել էր նա։
Թողնել պատասխան