Ադրբեջանը դարձյալ խլացնում է Արցախի բջջային ու համացանցային կապը. Ստեփանյան

2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած` Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո, արդեն շուրջ մեկ ամիս բջջային հեռախոսակապն ու համացանցն Արցախում գործում են լուրջ խափանումներով։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ խնդիրն առավել սուր է Արցախի այն համայնքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ու Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտնվել են հայ–ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքներում կապն ընդհանրապես բացակայում է։

«Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»,– գրում է Ստեփանյանը։

Ըստ պաշտպանի` Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Պաշտպանը իր հայտարարությամբ պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունն է հրավիրում խնդրի վրա` հավելելով, որ դա կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ։

Գեղամ Ստեփանյանը նշում է, որ նույն խնդիրն առաջացել էր նաև ս.թ. օգոստոսին, երբ հեռահաղորդակցության օպերատոր ընկերությունների հետ քննարկման արդյունքում պարզվել էր, որ Ադրբեջանը խլացնում է Արցախի ամբողջ տարածքում բջջային կապն ու համացանցը։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այդ ժամանակ դիմել էր Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, ինչից հետո նրանց միջամտությամբ խնդիրը կարգավորվել էր։

Դիտումների քանակը: 4192
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին