ԱՀ ԱԺ հանդես է եկել հայտարարությամբ

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում Արցախի համար անընդունելի է։ Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը` հավելելով, որ դա այն կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու։

«Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման ու կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգություն հայոց պետականության ու հայ ժողովրդի համար»,– ասաց Աժ նախագահը։

Նա նաև շեշտեց, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու չի շեղվելու իր ընտրած ուղուց։

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության ու անկախության համար, մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,– ասաց Թովյմասյանը։

Արցախի խորհրդարանի ղեկավարն իր ելույթն ավարտեց Արցախի 3 պատերազմների զոհերի ու 2022թ–ի մարտին Քարագլխի մոտ զոհված նահատակների հիշատակին լռության րոպե հայտարարելով և խոսքը փոխանցեց պատգամավոր Արթուր Մոսյանին, ով ներկայացրեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը։

«Հայաստան–Ադրբեջան «խաղաղության» օրակարգով Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։

Պահանջում ենք, ՀՀ իշխնությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգային ճանաչված ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցնելու։

Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը այս արդար պայքարում միասնական և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի մեր եղբայրների ու քույրերի կողքին։ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին կոչ ենք անում չշեղվել Հայաստանի Գերագույն խորհրդի` 1992 թվականի հուլիսի 8–ի որոշման ուղեգծից»,–նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` հորդորում են Արցախի համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։

«ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների ղեկավարներին հորդորում ենք անկախ առկա այլ տարաձայնություններից ջանքեր գործադրել պահպանելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը»,– կարևորում է ԱՀ ԱԺ-ն։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։

Դիտումների քանակը: 4028
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին