Ալիևը խոսել է Իրանի զորավարժությունների մասին

Սահմանների մոտ` Արաքս գետի հովտում, անցկացվող իրանական զորավարժությունները շատ անսպասելի են, քանի որ մեր անկախության 30 տարիների ընթացքում նման բան չի եղել։ «Անադոլուին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` պատասխանելով Իրանի զորավարժությունների մասին հարցին։

«Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություններ անցկացնել իր տարածքում։ Դա նրա ինքնիշխան իրավունքն է։ Ոչ ոք չի կարող նրան ինչ-որ բան ասել։ Բայց երբ մենք դա վերլուծում ենք ժամանակի մեջ, տեսնում ենք, որ նման բան երբեք չի եղել։ Ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ մեր սահմանին։ Այդ հարցը ոչ թե ես եմ տալիս, այլ ադրբեջանական հասարակությունը։ Այդ մասին հարցնում են աշխարհի ադրբեջանցիները»,– ասել է Ալիևը։

Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչու այն ժամանակաշրջանում, երբ այդ տարածքները Հայաստանի վերահսկողության տակ էին, Իրանը զորավարժություններ չէր անում։ «Ինչու է դա արվում այն բանից հետո, երբ մենք «ազատագրեցինք» այդ հողերը։ Սրանք արդար հարցեր են»,– կարծիք է հայտնել Ալիևը` հավելելով, որ իրենք ցանկանում են, որպեսզի տարածաշրջանում չստեղծվի այնպիսի իրավիճակ, որը կարող է հարված հասցնել երկարաժամկետ համագործակցությանը և հավաստիացրել, թե Ադրբեջանը գործում է շատ պատասխանատու և հավասարակշռված։ Նա հույս է հայտնել, որ իրենց «օրինաչափ» քայլերին էմոցիոնալ արձագանքը կկրի ժամանակավոր բնույթ։

Դիտումների քանակը: 4252
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին