Ալիևը խոսել է Արցախյան պատերազմի, Զանգեզուրի միջանցքի, խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, «որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման, այսինքն՝ սահմանների հաստատման գործընթաց»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk-ին տված հարցազրույցում։

«Սակայն մենք մինչ օրս դրական պատասխան չենք ստացել Հայաստանից։ Ըստ երևույթին, Հայաստանը պատրաստ չէ դրան, կամ էլ դեմ է դրան։ Ես ասել եմ, որ դա մեծ սխալ կլինի, և հենց իրենք կզղջան։ Քանի որ մենք հավերժ չենք պահի այդ առաջարկը սեղանին։ Եթե նրանք դեմ են դրան, թող բաց ասեն, որ չեն ցանկանում խաղաղ պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում մենք մեր քաղաքականությունը կվարենք ըստ դրա», — նշել է Ալիևը հավելելով, որ ադրբեջանական կողմը դա ցանկանում է։

«Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար այժմ սեղանին են կոնկրետ առաջարկներ՝ ճանապարհների բացում, Զանգեզուրի միջանցքի ստեղծում, բոլոր առևտրական կապերի վերականգնում։ Այսինքն, տևական ընդմիջումից հետո խաղաղության ապահովումը Հարավային Կովկասում համապատասխանում է մեր շահերին։ Համարում եմ, որ դա համապատասխանում է նաև Հայաստանի շահերին։ Որովհետև Զանգեզուրի միջանցքը կծառայի նաև նրանց շահերին։ Նրանք կարող են երկաթուղային հաղորդակցություն հաստատել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ։ Այսօրվա դրությամբ նման կապ չկա, և նոր հնարավորություններ ի հայտ կգան նաև նրանց համար», — ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի վկայությամբ՝ Հայաստանը մինչև վերջերս առարկում էր «Զանգեզուրի միջանցքի» բացման դեմ, «ուղղակի օրեր առաջ այնտեղ ի հայտ եկավ դրական կարծիք, որ նրանք ևս չեն առարկում»։ «Սակայն Զանգեզուրի միջանցքի լիակատար գործառնության համար պետք է լինի թե՛ երկաթուղի, թե՛ ավտոճանապարհ», — պնդել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, թե իրենց ներմուծած «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունն «արդեն մտել է միջազգային բառապաշար», և հավաստիացնելով, թե Եվրամիությունն էլ է «շատ դրական վերաբերվում այդ հարցին»։

Ալիևը խոստովանել է, որ շատ անհանգստացած է օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարի և նրա հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարությունից, որի համաձայն Ռուսաստանը Հայաստանին ռուսական զենքի մատակարարման գործընթացի մեկնարկ էր խոստացել:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին: Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին: Դա մեզ անհանգստացնում է», — ասել է նա։

Իր խոսքում Ալիևը կրկին անգամ հաստատել է Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունը։ Նա մասնավորապես նշել է.

«Առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենար։ Թուրքիան մեզ համար հայրենիք է, Ադրբեջանը ձեզ համար հայրենիք է։ Թուրքիան ոչ միայն «Բայրաքթար»-ներ էր մատակարարում, այլ նաև այլ զինատեսակներ, այդ թվում՝ «Կոբրա» տեսակի ռազմական մեքենաներ։ Եվ այդ պրոցեսը շարունակվում է։ Մաշալլահ, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը զարգանում է շատ արագ, և մենք իհարկե օգտվում ենք դրանից», — հայտարարել է Իլհամ Ալիևը։

Դիտումների քանակը: 4371
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին