Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին, որին ուղեկցում էր ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ինչպես հայտնի դարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքից՝ Գարեգին Բ. Կաթողիկոսը ողջունեց Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Նորին Սրբությունը նաև գնահատանքով արձանագրեց այն ջերմ վերաբերմունքը, որ Կանադայի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվում է հանդեպ հայ համայնքը և նրա ազգային-հոգևոր կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը նկատեց, որ Կանադայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման և զարգացման համար:
Իր հերթին Կանադայի վարչապետն իր ուրախությունն արտահայտեց հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ երեք տասնամյակ անց մեծ հաճույք է վերստին այցելել Հայաստան և մեծ պատիվ` հյուրընկալվել հայոց հոգևոր կենտրոնում, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը:
Կանադայի վարչապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության տպավորությունները:
Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ Կանադայի երիտասարդ և եռանդուն առաջնորդն ապագայի իր տեսլականով մեծ նպաստ կբերի խաղաղ աշխարհի կառուցմանը:
Թողնել պատասխան