Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի ծառայության հաորդագրության՝ ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորեց երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու երկների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը:
Նորին Սրբությունը հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Գարեգին Բ Հայրապետը կարևոր նկատեց ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը և այդ գործում իշխանությունների զորակցությունը:
Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:
Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն հայտնեց Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձավ Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավաճակի մասին` Վրաստանի նախագահը նշեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշվիլին նաև անդրադարձ կատարեց երկու երկրների միջև առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկեցին նաև երկու երկրների ու ժողովուրդների կյանքը հուզող խնդիրներ:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ վրաց եղբայր ժողովուրդը Բարձրյալ Տիրոջ Աջի հովանու ներքո մշտապես ապրի խաղաղության ու բարօրության մեջ:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և երկու երկրների դեսպանները:
Թողնել պատասխան