Անկախության հռչակագրի 32-ամյակին Փաշինյանն ուղերձով դիմել է արցախցիներին

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ մասին` համաձայն ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, նշվում է Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որը նա հղել է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ 32 տարի առաջ, երբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը, Արցախի հայությունն ականատեսն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի, և անկախության հռչակագրի ընդունումը պայմանավորված էր նաև գոյաբանական սպառնալիքով:

Փաշինյանը շեշտել է, որ 44-օրյա պատերազմից հետո նույնպես Արցախի ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքի առաջ է, դրա ականատեսն է նաև միջազգային հանրությունը։

«Տեղի ունեցող գործընթացների ականատեսն է նաև միջազգային հանրությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի թեմայով կայացած քննարկումներում ևս արձանագրվեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Միաժամանակ, ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել»,- գրել է վերջինս։

Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Արցախում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն այն մոտեցումն ունի, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետին մեղադրել է խաղաղ գործընթացը «տապալելու» մեջ։

«Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունը հակասում է նախկինում հնչեցված Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու հայտարարությանը, այդ թվում՝ Ղարաբաղի տարածաշրջանին, և լուրջ հարված է հասցնում ընթացող խաղաղ գործընթացին»,- նշում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք, որ 32 տարի առաջ այս օրը` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։

Երբ 1991 թվականի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, Խորհրդային Միության փլուզումն ավելի արագացավ: Խորհրդային բոլոր հանրապետությունների համար արդեն դարձավ ակնհայտ, որ կայսրության դե յուրե գոյությունը շաբաթների ու ամիսների հարց է ընդամենը: Խորհրդային 15 հանրապետություններից միայն վեցը՝ բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես նաև Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը, իրենց անկախությունը հռչակել էին նախքան 1991թ. օգոստոսը: Հատկանշական է, որ մյուս ինը հանրապետությունները, այդ թվում նաև Ադրբեջանը, անկախություն հռչակեցին միայն օգոստոսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո:

1991թ. օգոստոսի 30-ին տեղի ունեցած Ադրբեջանի անկախության հռչակումից հետո արցախցին կանգնեց փաստի առաջ: Հայաստանն իր անկախությունը հռչակել էր 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի, այսինքն շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի կամ ինչպես ընդունված էր ասել՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ): Եվ 1991թ. սեպտեմբերին 21-ին, երբ տեղի ունեցած Հայաստանի Անկախության հանրաքվեն ևս անցկացվեց 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի: Այսպիսով, 1991թ. Մոսկվայի օգոստոսյան խռովության օրերին Արցախը դե յուրե Հայաստանի մաս չէր, իսկ դե ֆակտո պատերազմի վայր էր հայերի ու ադրբեջանցիների միջև: Դա էլ հիմք հանդիսացավ, որ Արցախին էլ քայլեր ձեռնարկի հռչակելու իր անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, ինչը թույլատրում էր այդ ժամանակվա սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը: Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։

Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ և մեծ սպասումներով է նայում աշխարհին նրա կողմից դե յուրե ճանաչման համար:

Դիտումների քանակը: 3870
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին