ԼՂ խնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից ՀՀ-ն համաձայնել է տարանջատել․ Փաշինյան

Փաշինյան

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից` շեշտելով, որ Փաշինյանը Բեռլինում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ևս հայտարարել է այդ մասին։

«Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն: Չխորանալով մանրամասների մեջ՝ կցանկանայի նշել, որ հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված, և մեզ համար հանդիսանում են առաջնային մտահոգության հարցեր»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է։

Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով` համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:

Հավելենք նաև, որ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԱՄԴ-ի որոշման անտեսմանը, և նշել է, որ Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։

Դիտումների քանակը: 3831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին