ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով ՀՀ Հակակոռուպցիոն դատարան կհրավիրվեն և կհարցաքննվեն ՊՆ նախկին Նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Այդ մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրներին։
Հավելենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ապրիլի 14-ին պաշտոնապես հայտնել էր, որ ավարտվել է 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպայի կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առանձնապես ծանր և միջին ծանրության հանցանքներ առերևույթ կատարելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը և Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան:
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։
Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, և սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է:
Հիշեցնենք նաև, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին։
Թողնել պատասխան