Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» կոչման։Հարությունյանը ֆեյսբուքյան եթերից հայտնեց, որ պարգևատրումները շարունակական են լինելու։
«Ես առաջնագիծ գնացել եմ ոչ թե այն բանի համար, որ մտահոգվելու տեղիք կար, այլ առաջին հերթին պետք է ոգևորել մեր սպաներին և զինվորներին, որոնք կենաց–մահու կռիվ են տալիս։ Բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրած խնդիրը։ Իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե ամենասպառազինված, այլ ամենապրոֆեսիոնալ։ Ուզում եմ ասել` ձեր ցավը տանեմ, դուք ամեն մի սանտիմետրի համար պայքարում եք»,–շեշտել է Հարությունյանը։
Նախագահը նշելով, որ սպայական անձնակազմը` անտեսելով մահը, իրականում հրաշքներ է գործում, ներկայացրել է, «Արցախի հերոսի» կոչման արժանացած հայորդիներին։ Առաջինը Դավիթ Լյովայի Գրիգորյանն է, ով սեպտեմբերի 27-ից մասնակցելով մարտերին, հասցրել է Ֆիզուլի և Կարախանբելի հատվածում 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա խոցել ու շարունակում է իր ծառայությունը առաջնագծում։
«Արցախի հերոսի» կոչում է ստացել նաև Էդգար Էդվարդի Մարկոսյանը։ Նա Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ` ամուր պահելով իրեն վստահված հատվածը։
Յուրա Հայկարամի Ալավերդյանն էլ նույն կոչմանն է արժանացել, քանի որ Կարախանբելի և Ֆիզուլի հատվածում 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա է ոչնչացրել։
Բացի այդ, պարգևատրվել է գնդապետ Կարեն Շաքարյանը, ով արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Նա կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ` պատճառելով զգալի կորուստներ։ Արայիկ Հարությունյանը շեշտեց` Շաքարյանն իրական Արցախի հերոս է, ում հարգում է ամբողջ Արցախը։
«Արցախի հերոսի» կոչմանն արժանացած վերջին զինվորականը Դավիթ Վանիկի Ղազարյանն է։ Նա, ցավոք, հետմահու է նման կոչման արժանացել։ Ղազարյանը մարտ է վարել «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով։ Նա, ինչպես վստահեցրեց Հարությունյանը, հերոսություն է կատարել։
Թողնել պատասխան