Արցախի խմբակցությունները կոչ են անում Արայիկ Հարությունյանին հավատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամությանը

Արցախի ԱԺ «Արդարություն», «ՀՅԴ», «Արցախի ժողովրդական կուսակցություն» խմբակցությունները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորել են հրաժարական տալ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2020թ. մայիսյան այս օրերին, Արցախի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված կարգով լիազորությունները ստանձնեցին նույն թվականի մարտի 31-ի և ապրիլի 14-ի ընտրությունների արդյունքում ընտրված նոր իշխանությունները՝ ԱՀ նախագահը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:

Մի կողմ թողնելով 2020թ. համապետական ընտրությունների կազմակերպման, նախընտրական պայքարի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր քաղաքական գնահատականները, պետք է ընդունենք, որ անցած տարին առանձնացավ բազմաթիվ փորձություններով և աղետալի զարգացումներով, որի կիզակետը դարձավ 2020թ. աշնանը մեզ պարտադրված պատերազմը:

Անցած տարվա ընթացքում մենք բախվեցինք պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի բազմաշերտ ազդեցության. հազարավոր նահատակներ, վիրավորներ, հարյուրավոր անհայտ կորածներ, գերիներ և պատանդներ, Արցախի Հանրապետության մեծ մասի կորուստ, տասնյակ հազարավոր գաղթականներ և ազգային հարստության մի ստվար հատվածի կորուստ՝ ահա այն, ինչ ունենք 2020 թվականի համապետական ընտրություններից և նախագահի պաշտոնավորումից մեկ տարի  անց:

Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որոնց շուտափույթ և արդյունավետ լուծումից է կախված Արցախի Հանրապետության լինելությունն ու ապագան:

Պատերազմից անմիջապես հետո ԱՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններով  հանդես գալով իրավիճակի գնահատմամբ՝ առաջարկել ենք Հայաստանի ու Արցախի փաստացի ղեկավարներին հրաժարական տալ՝ ճանապարհ բացելով հայկական երկու հանրապետություններում կենսական պահանջ դարձած փոփոխությունների և ճգնաժամային կառավարման համար:

Հաշվի առնելով Արցախի հանրապետության սահմանադրական կարգավորումները՝ մենք այն ժամանակ չպնդեցինք Արցախի նախագահի անհապաղ հրաժարականի պահանջի վրա և, ավելին, մեր պատրաստակամությունը հայտնեցինք քաղաքական խորհրդատվությունների միջոցով համախոհության միջավայր ձևավորելուն: Որոշ հույսեր կային, որ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ կընկալի  ստեղծված կացությունը: Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին նրա կողմից հրապարակված ուղերձը  պարունակում էր երկրի ապագայի և պետական կառավարման համակարգը բարեփոխելու հետ կապված մեր առաջարկած դրույթները: Սակայն,  հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Արայիկ Հարությունյանը շահագրգռված  չէ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ:

2020թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո, անցած վեց ամիսների ընթացքում ԱՀ նախագահի գլխավորած կառավարությունը և խմբակային  նեղ շահերից դրդված, խորհրդարանում մեկընդմերթ ստեղծվող ու քանդվող անհամադրելի քաղաքական կոալիցիաները որևէ համարժեք բացատրություն և առաջարկ չեն  ներկայացրել մեզ պատուհասած աղետի և դրանից դուրս գալու մշակված ծրագրերի մասին: Դրան հակառակ ԱՀ նախագահը և իր ձևավորած իշխանական ուռճացված թիմը հանրության համար անհասկանալի քարոզչական արշավ  ծավալեց՝  աղետալի պատերազմում պարտության և ձախողումների մեղքը բարդելով նախկին իշխանությունների, բանակի, պահեստազորայինների ու կամավորականների, վերջին հաշվով՝  ժողովրդի վրա:

Այսօրվա Արցախի իշխանությունները ամեն ինչով ձգտում են նմանվել ՀՀ գործող իշխանություններին, որոնք մշտապես ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու իրենց անկարողությունն ու անընդունակությունը: Սուտը, վիրավորանքը, զրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»՝  ահա այն միջավայրը, որը ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:

Ելնելով այս իրողություններից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները թարմացնում են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ներկայացված Արցախի Նախագահի հրաժարականի պահանջը և կոչ են անում Արայիկ Հարությունյանին, սթափ գնահատելով իրավիճակը, հավատարիմ մնալ հրաժարական տալու  իր պատրաստակամությանը եւ ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով   հանդես գալ արտահերթ ընտրությունների գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ», — ասվում է խմբակցությունների հայտարարությունում։

Բացի այդ խմբակցությունները պահանջում են Արցախի գործող նախագահից և իշխանություններից զերծ մնալ ՀՀ-ում նախատեսված արտահերթ ընտրություններին որևէ կերպ գործող իշխանություններին աջակցելու քայլերից և այդ նպատակով պետական ռեսուրսների օգտագործումից։

Դիտումների քանակը: 5195
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին