Ադրբեջանական կողմը պարբերաբար դիմում է սադրանքների. ԱՀ ՄԻՊ

Սոս

Ադրբեջանական կողմը մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ։ Տեխնիկայի ապակիների ջարդվելու արդյունքում Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչը վնասվածքներ է ստացել։

Դեպքի կապակցությամբ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է արել իր ֆեյսբուք էջում, որում արձանագրում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը և միջազգային իրավական նորմերը, պարբերաբար դիմում է սադրանքների՝ վտանգի տակ դնելով Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը։

«Միջադեպերը նպատակ ունեն խաթարելու տարբեր համայնքներում ժողովրդի բնականոն կյանքը և ուղղված են Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ։

Հաշվի առնելով Արցախի ներպետական կառուցակարգերի՝ ադրբեջանական կողմից նման միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը՝ Պաշտպանը կոչ է անում համապատասխան քայլեր նախաձեռնել միջադեպերի ուսումնասիրման և քննության եռակողմ ձևաչափ ձևավորելու և գրանցվող բոլոր դեպքերով պատշաճ քննություն իրականացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին»,- գրել է Ստեփանյանը:

Դիտումների քանակը: 4093
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին